Այս ոչ այնքան սովորական խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել էր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ Թովե Բոյաջյան» պատկերասրահում և նվիրված էր ճանաչված նկարիչ Գրիգոր Աղասյանի ծննդյան 90-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպել էին նկարչի դուստրն ու թոռնուհին՝ արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի գրաֆիկայի բաժնի վարիչ ՄԱՐԻՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
-Զարմացնում է, նախ, մտահղացումը. վաստակավոր նկարչի շուրջ 60-ամյա ստեղծագործական կյանքն այսօր ներկայանում է անսովոր ձևաչափով:
-Մենք չցանկացանք քայլել տրորված ճանապարհով ու հետահայաց ներկայացնել Աղասյանի արվեստը: Եվ չսխալվեցինք:
-Այո, չեք սխալվել, հաջողված ցուցադրություն է: Դասական-ավանդականը բացակայում է, սակայն լավ է մատուցվել ոչ այնքան ծանոթ Աղասյանը:
-Նա բավական հայտնի է որպես «Հին Երևանի նկարիչ» և որպես փոքրադիր էտյուդի վարպետ: Վաղ շրջանից նկարել է Երևանն իր տիպական ու անկրկնելի կոլորիտով, շատ փողոցներ ու նրբանցքներ, որոնք, ցավոք, արդեն չկան: Այս անգամ որոշեցինք ցուցահանդեսում ընդգրկել նկարչի միայն գրաֆիկական աշխատանքները: Գիտեք, շատ աշխատանքներ հայտնաբերել ենք ուղղակի թաքստոցներից, այս, կարելի է ասել, «մինիատյուր» պատկերները, որոշ անծանոթ աշխատանքներ և այլն:
-Բնութագրիր Գրիգոր Աղասյանին որպես հետսարյանական շրջանի վարպետներից մեկին:
-Փորձեմ: Յուրաքանչյուր նկարչի տեղն ու դերը արվեստի պատմության մեջ գնահատելիս նախ փորձում ես հասկանալ, թե ինչ է տվել նա, որ չի տվել ուրիշ մեկը, այդպես, առանձնացնել է պետք Աղասյանի «Հին երևանյան շարքը»: Նա ստեղծել է մեծածավալ բազմաֆիգուր կոմպոզիցիոն կտավների մի ոչ փոքրաթիվ շարք՝ հին Կոնդն իր հին թաղամասերով ու նեղլիկ փողոցներով, Աբովյան ու Ալավերդյան փողոցների հին բակերն ու մասունք շինությունները, կենցաղն ու նիստուկացը և այլն: Առհասարակ, բազմապլան վարպետ էր՝ հավասարազոր ամուր թե՛ որպես գեղանկարիչ, թե՛ որպես գրաֆիկ:
-Եթե հիշում ես, «Կերպարվեստ» պարբերականում տարիներ առաջ տպագրվեց արվեստաբան Զարա Մալոյանի աննախադեպ նյութը՝ «Рисунки из «той папки»-запретный плод в творчестве Григора Агасяна»:
Նկարչի դուստրը՝ Տիգրանուհի Աղասյանը, պատմում է, որ 1992-ին Աղասյանին են դիմել անգլիացի հավաքորդները (ովքեր երկար տարիներ ուսումնասիրել են նրա աշխատանքները և դրանցից շատերը ձեռք բերել) բավականին անսպասելի առաջարկով՝ նկարազարդել անտիկ աշխարհի հռչակավոր գրող Ապուլեուսի «Ոսկյա ավանակ» էրոտիկ վեպը:
-Մահից առաջ նա խնդրեց գտնել «այն թղթապանակը»: Մենք փնտրեցինք և գտանք: Թղթապանակում կար շուրջ 80 էրոտիկ բնույթի օֆորտ, էսքիզ, որոնք եզակի են ոչ միայն հայ, այլև խորհրդային կերպարվեստում:
Նա, իսկապես, զարմանալի նկարիչ էր, զարմանալի կենսախինդ մարդ:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ